շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդյո՞ք սա կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյանը միջադեպի մասին

Արդյո՞ք սա կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյանը միջադեպի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման վերաբերյալ ահազանգին։

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականտես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Եվ ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են կատարվել»,- ասաց Փաշինյանը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մինչև 2018 թվականի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահեձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային տնտեսություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ Երևանում դատաբժշկական ծառայությունն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։

Նախարարը ներկայացրեց, որ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը։ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ։ Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ։ 2021 թվականին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը։ Մեկնարկել է Սևան քաղաքի կենտրոնի ամբողջական վերակառուցման ծրագիրը։

Ըստ Ավանեսյանի՝ 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկորրդ ամբողջական հոսքագիծը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է 63 տոկոսով։ Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ։ Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից։

«Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ մարդկանց աշխատանքից ազատում են։ Ես հիշում եմ դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի։ Այդ առողջապահական հիմնարկի աշխատողները չստիկներով դուրս էին եկել փողոց, հետո էդ նույն չստիկներով մտան ներս հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքը առողջապահության ոլորտում։ Սա կրթական, էթիկական պարզ խնդիր է։ Ի վերջո, առողջապահության նախարարությունը կամ կառավարությունը, այո, կարող է սահմանել չափանիշներ կամ ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է»,- հավելեց նա։

Ըստ Փաշինյանի՝ սա նշանակում է, որ չի կարելի բարեփոխումների ճանապարհին կանգնել և տրվել աղմուկներին ու աղաղակներին, պետք է գնալ որակական հստակ ստանդարտներ սահմանելու ճանապարհով։

«Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի։ Ընդ որում, աշխատել են ճնշումների, շատ հաճախ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Առողջապահության նախարարությունն ու կառավարությունը չեն կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել ով ինչպես է աշխատում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: