կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արդեն սադրիչ խմբեր են ձևավորում. «Փաստ»

Արդեն սադրիչ խմբեր են ձևավորում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը «Հայաքվեի» կազմակերպիչները տեղեկացրեցին, որ Արցախը այլ պետության կազմում ճանաչողների համար քրեական պատիժ նախատեսող ստորագրահավաքին առաջին 5 օրում մոտ 15 հազար քաղաքացի է միացել: Այսինքն, մնացած 6 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ևս 35 հազար ստորագրություն: Շատերի համոզմամբ, այդքան ստորագրությունը կարող է նույնիսկ ավելի շուտ հավաքվել՝ հաշվի առնելով հանրության զգալի ակտիվությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքն ավելի է նյարդայնացնում իշխանություններին: Բերելով կոնկրետ օրինակներ՝ մենք առիթ ունեցել ենք նշելու, որ տեղերում փորձում են ամեն կերպ խոչընդոտել «Հայաքվեի» ընթացքը:

Հիմա արդեն ՔՊ-ն անցել է տարբեր սադրանքների: Ի մասնավորի, երեկ միջադեպ է տեղի ունեցել Մարտունիում՝ քաղաքապետարանին ենթակա Մշակույթի պալատում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը, ստորագրահավաքի վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա հավաքվել են ինչ-որ անձինք, մարդկանց համոզել, որ չստորագրեն, հետո մոտեցել և շատ կոշտ, ագրեսիվ ձևով պահանջել հեռանալ, վիրավորել «Հայաքվեի» կազմակերպչական աշխատանքներ իրականացնող աղջիկներին: Այնուհետև նրանք փորձել են ծեծկռտուք սարքել, սակայն, ըստ Հոխիկյանի, ինքը թույլ չի տվել:

Մեր հավաստի տեղեկություններով, նման սադրիչ խմբերը կազմակերպվում են հենց ՔՊ-ի կամ առնվազն տեղական իշխանությունների կողմից: Կան տեղեկություններ, որ այլ վայրերում ևս առաջիկայում հնարավոր են նման սադրանքներ: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, տարբեր համայնքներում ոչ միայն հենց համայնքապետների կամ համայնքապետարանների աշխատակիցների, այլև, նման «տասովչիկների» կողմից «աշխատանքներ» են տարվում քաղաքացիների հետ, շատերին նույնիսկ սպառնում են, որ հանկարծ չհամարձակվեն ստորագրել: Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, ստորագրահավաքը երեկ ևս բավական լուրջ ցուցանիշներ է արձանագրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: