չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արդար չէ․ Ալեն Սիմոնյանը հակադարձել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին

Արդար չէ․ Ալեն Սիմոնյանը հակադարձել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին

Մենք պետք է առաքելությունը վերցնենք մեզ վրա ու օրինակ ծառայենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե դիմակ կրել-չկրելու հարցում պաշտոնյաները մոլորության մեջ են գցում քաղաքացիներին:

Սիմոնյանի խոսքով՝ Զոհրաբյանն իր խոսքում արդար չէ, քանի որ ինքն էլ է նշել, որ դիմակ կրելը որոշ առումներով վնասակար է:

«Աշխարհը նոր է նման բանի առնչվում, և մեղադրել, ասել, որ սկզբից այսպես, հետո այնպես եք ասում... Նույնը կարող եք ասել նաև Անգլիայի վարչապետին կամ պարոն Ծառուկյանին, որ ասում էր, թե բարի մարդկանց չի կպչում, բայց չի գալիս դահլիճ»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն անծանոթ է բոլորին:

«Չգիտենք, թե ինչպես կլիներ, եթե, օրինակ, մեր առողջապահության նախարարը լիներ Նաիրա Զոհրաբյանը: Դուք հեղինակավոր քաղաքական գործիչ եք, այստեղից խոսել, ասել, որ քաղաքացու վրա որևէ մեկը որևէ բան է գցում՝ արդար չէ»,- կոչ արեց ԱԺ փոխխոսնակը:

Զոհրաբյանը հայտարարել էր, որ անընդունելի է ամբողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․

«Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, պարտավոր է հետևել պարետատան կանոններին, բայց ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները: Չփորձեք քաղաքացու վրա պատասխանատվություն գցել: Եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրեք, մյուս օրն ասում է՝ դիմակ չկրեք, որովհետև դիմակ կրելը վնասակար է, որովհետև վիրուսները մնում են մեջը, ունի՞ իրավունք քաղաքացին՝ մոլորվելու պաշտոնյաների՝ իրար հակասող արտահայտություններից:

Հիմա պետք չէ մեղավորներ գտնել: Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, պարտվելու ենք բոլորս»։

  • Կիսվել: