հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Արցախը ունակ է իրականացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ. Արփինե Հովհաննիսյան

Արցախը ունակ է իրականացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունում գործող «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և արցախյան մասնաճյուղը շուրջ 140 դիտորդով դիտորդական առաքելություն են իրականացնում Արցախի ընտրատեղամասերում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ վաղ առավոտից ընտրողների կողմից նկատվում է զգալի ակտիվություն:

«Շրջիկ դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից հիմնականում արձանագրվում են կուտակումներ: Առանձին տեղամասերում նկատելի էր քվեախցիկում երկու ընտրողների քվեարկության իրականացում: Որոշ տեղամասերում արձանագրել ենք ընտրողների կողմից քվեաթերթիկը նկարելու փորձեր: Պետք է նշեմ, որ դիտորդական առաքելությունն իրականացվում է գրեթե բոլոր շրջաններում: Ցանկալի է, որ միջազգային դիտորդներ ևս լինեին, քանի որ նրանց ներկայությունը փաստում է, որ Արցախը ունակ է իրականացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, սակայն չեմ կարծում, որ այդ ունակությունը պայմանավորված է միայն միջազգային դիտորդի ներկայությամբ, քանի որ կարող ենք փաստել, որ, իրավամբ Արցախը ունակ է նման ընտրություններ կազմակերպելու: Արցախը այսօր ընտրում է իր զարգացման ու անվտանգության ապագան, և չափազանց կարևոր է, որ ցանկացած արցախցի գիտակցի, որ ինքը կարող է ընտրել նրան, ում համարում է իր անվտանգության և հետագա զարգացման երաշխավորը»,- ավելացրել է Ա. Հովհաննիսյանը:

  • Կիսվել: