Արցախը միշտ տեղեկացված է եղել բանակցություններից, ամեն ինչ համաձայնեցվել է, այդպես էլ կշարունակենք․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի իշխանությունները, երբ Արցախի իշխանություններին տեղեկացնում են Ադրբեջանի հետ բանակցությունների բովանդակության մասին, խորը համոզմունք ունեն, որ այն, ինչ անում են, նաև բխում է Արցախում ապրող մեր հայրենակիցների շահերից և այդ ինֆորմացիոն Արցախի հետ կիսվելով փորձում է միասնականություն ստեղծել, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։
Այս մասին Factor TV–ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր և Արցախի հարցը դուրս մնա այս երկու պետությունների հարթությունից և տարվի այլ հարթություն։
«Եվ ես կարծում եմ, որ այստեղ մեծ հաշվով պետք է խնդիր չառաջանա։ Առաջ գնալու առումով մենք միշտ կապի մեջ ենք եղել Ստեփանակերտի հետ և շարունակելու ենք լինել։ Միշտ էլ Ստեփանակերտը տեղեկացված է եղել և տեղեկացված կլինի և առաջ շարժվելուց մենք միշտ կլսենք Ստեփանակերտի ձայնը»,- ասել է նա։
Հարցին, իսկ ինչ կանեն ՀՀ իշխանությունները, եթե ինչ–որ բանի հետ Արցախը չհամաձայնի, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ առ այսօր Արցախի հետ ամեն ինչ համաձայնեցվել է և արդյունավետ աշխատանք է տարվել։ «Եվ կարծում եմ, որ մենք այս տոնով էլ կշարունակենք մեր աշխատանքներ»,– ընդգծել է նա։