կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արցախում եռուն ընթացքում է բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը

Արցախում եռուն ընթացքում է բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը

Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել և շարունակվում է բանջարաբոստանային մշակաբույսերի, այդ թվում՝ նաև ձմերուկի բերքահավաքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:

Նրա հավաստմամբ՝ տեղամասային գյուղատնտեսների ու հողօգտագործողների համատեղ աշխատանքի ու փորձի փոխանակման շնորհիվ, տարիների ընթացքում նկատելի է միավոր տարածքից ստացվող բերքի թե քանակական, թե որակական հատկանիշների բարելավումը:

«Արդեն երկու ամսից ավելի է, ինչ սկսված են բերքահավաքի աշխատանքները, այդ թվում՝ խառը կանաչեղենի ու բանջարեղենի լայն տեսականիներ և բոստանային մշակաբույսեր»,-տեղեկացրել է Ա. Բադալյանը՝ հավելելով, որ բերքահավաքը շարունակվում է. աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Ոլորտի պատասխանատուի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, բոլոր այն ցանքատարածքներում, որտեղ եղանակով պայմանավորված՝ բնական աղետի դեպքեր չեն արձանագրվել, բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են:

«Ցանքատարածքներում ընդգրկված են գրեթե բոլոր մշակաբույսերը, սակայն առանձին դեպքերում կան հողօգտագործողներ, ովքեր զբաղվում են միայն կարտոֆիլի, ձմերուկի մշակությամբ: Ավելի քան նկատելի են ձմերուկի ցանքսերը, որոնք կազմում են ընդհանուրի շուրջ 40 տոկոսը»,-նշել է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքների մեծ մասը Մարտունու և Ասկերանի շրջաններում է: Վարչության պետի տեղեկատվությամբ՝ կարտոֆիլի և ձմերուկի բերքահավաքն իրականացվել է մոտ 70-80-ով և շարունակվում է, ուստի, մասնավորապես, ձմերուկի բերքատվության ցուցանիշները դեռ չեն ընդհանրացվել: Այդուհանդերձ, առանձին հողօգտագործողների՝ այս տարվա ստացած բերքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։

«Նման արդյունքը պայմանավորված է հողօգտագործողի տարիների փորձով, եղանակային բարենպաստ պայմաններով։ Բոլոր մշակաբույսերի մշակության դեպքում էլ կարևոր է գրագետ մշակությունը։ Ունենալով համապատասխան գիտելիքներ՝ ցանկացած մշակաբույսի դեպքում կարելի է ստանալ ակնկալվող բերքատվություն»,-ընդգծել է Ա. Բադալյանը։

Նրա խոսքով՝ բերքի իրացումը հողօգտագործողներն անձամբ են կազմակերպում, իսկ գնային տարբերակները կարգավորվում են ըստ շուկայական հարաբերությունների։ Բանջարաբոստանային մշակության արդյունքն իրացվում է Ստեփանակերտում, շրջկենտրոններում, հարևան համայնքներում, իսկ ձմերուկն առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում։

Գյուղնախարարության կողմից այս տարի բանջարաբոստանային մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցություն է տրամադրվել:

Ըստ գերատեսչության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի՝ Արցախի Հանրապետությունում սեփականության, և (կամ) վարձակալության, կամ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է 1 հեկտարի դիմաց՝ 200 հազար ՀՀ դրամ միանվագ գումար: Աջակցության պարտադիր պայմանը՝ ամբողջական հողատարածքի ոչ պակաս քան 0.5 հեկտար մակերեսը և ոռոգովի լինելը, բացառությամբ՝ կարտոֆիլի ցանքատարածքների:

  • Կիսվել: