Այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները. ՏԿԵՆ
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ը:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
Տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում՝ ստեղծված իրավիճակում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար:
Տեղեկացնում ենք, սակայն, որ այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


