երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. պատգամավոր

Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները։ Արեն Մկրտչյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Խնդրում եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել»,-նշել է նա:

Պատգամավորը նաև հայտնել է՝ նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի Ալավերդու Սանահին կայարան, Բաղրամյան թաղամասերից, Քարկոփ բնակավայրից։

Այս պահին տարհանվում են Ալավերդու Թումանյան 5, 6 շենքերի բնակիչները։

Նշենք, որ իր հերթին Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը հայտնել է, որ տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ:

Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են անցել նաև տասնյակ մեքենաներ:

Ալավերդի քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է:

  • Կիսվել: