ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՌԴ զորախմբի ներկայացուցիչների հետ․ Սիմոնյան

Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՌԴ զորախմբի ներկայացուցիչների հետ․ Սիմոնյան

Արցախի անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները և Արցախի ներկայացուցիչներն ուղիղ բանակցելու, խոսելու հնարավարություն ունեն, հենց իրենք են զբաղվում դրանով: Այս մասին րագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման խնդրին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչպես վարչապետը նշեց իր ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր իրենց դիրքորոշմանը սատար կկանգնի»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի՝ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ. «Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, խոսակցությունն անմիջական տեղի է ունենում: Ադրբեջանի հետ Արցախի ներկայացուցիչների շփումները եղել են շատ վաղուց, Լաչինի միջանցքի հարցով էլ եղել են շփումներ, այս պահին այդ շփումները նվազել են, բայց դրանք դեռ կան»,- ասաց նա և հավելեց, որ Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ Հայաստանը սատար կկանգնի իրենց յուրաքանչյուր որոշմանը և շարունակելու են ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Լրագրողի այն հարցին, թե Սիմոնյանի կարծիքով ճիշտ չէ, որ Հայաստանը վարի Լաչինի միջանցքի հարցով բանակցությունները, ԱԺ նախագահն ասաց. «Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, իսկ Հայաստանն ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները, իր կողմից որևէ քայլ կա՞ եռակողմ հայտարարության մեջ, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ոչ չկա: Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար՝ մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հենց հակառակորդի նպատակը ես չեմ բացառում, որ Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ և ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար: Մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որ ստանձնվել են կողմերի կողմից ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ի հայտարարությունը սարքել առ ոչինչ, դա կարծում եմ սխալ կլինի: Այն ինչ մենք անում ենք՝ մաքսիմումն է, մի քիչ նույնիսկ ավելի շատ, որը Հայաստանն իրեն կարող է թույլ տալ»:

  • Կիսվել: