կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը. Արցախի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը. Արցախի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երևի թե չկա, Երևանում Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Բայց մյուս կողմից էլ ուզում եմ արձանագրել, որ մենք ինքնորոշման իրավունքը, որը սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», - ասել է Հարությունյանը։

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ և դա լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող։

«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ այլ ձև հնարավոր էլ չէ։ Այսինքն, հնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը։ Հասկանում ենք, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու։ Եվ անվտանգային բաղադրիչը, որ այսօր ամենակարևորն է, բարեբախտաբար, ռուս խաղաղապահների միջնորդության վերջին ժամանակներում, կարծես թե, կայունացել է, և հնարավորություն է տալիս քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը», - նշել է Արցախի նախագահը։

Նա ասել է, թե այս փուլում ամենակարևորը սոցիալ-տնտեսական ծրագրերն են։

«Որովհետև եթե Արցախում մարդ չլինի, ապա անիմաստ է դառնում քաղաքական պայքարը և անվտանգության մասին խոսելը։ Այն ծրագրերը, որոնք սկիզբ են դրվել պատերազմից հետո, շարունակվում են», - ասել է Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: