շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք. Վարդան Օսկանյան

Արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք. Վարդան Օսկանյան

Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան. առաջին հարցը, դա արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան, պետք է օրակարգային խնդիր դառնա: Այս երկու խնդիրները օրակարգային պետք է դառնան»,- շեշտում է նա:

Օսկանյանը նորից հորդորում է Փաշինյանին փոխել օրակարգը, նորից թելադրի իր տեսակետները, ներակայացնի ՀՀ եւ Արցախի շահերը:

«Շուտով գնալու ես Բրյուսել՝ ստորագրելու այդ խաղաղության պայմանագիրը, քո օրակարգում ներառի այս խնդիրները, դու չես կարող սրանցից հրաժարվել: Դա իսկապես մեզ համար էքզիստենցիալ խնդիրներ են: Ինչպես ռազմական դաշտում, երբ մենք ունեինք Արցախը, հարակից տարաածքները, մենք մեզ ապահով էինք զգում, ռազմական առումով, երբ մենք կորցրեցինք դրանք, Ադրբեջանը ներխուժեց Հայաստան եւ դեռ գտնվում է Հայաստանում, նույնը դիվանագիտական դաշտում է. երբ հրաժարվում ես Արցախի հարցի բարձրացումից, հարցը գալիս է ՀՀ տարածքային ամբողջականությանը, միգուցե, դու շատ չես հասկանում, նույնն է՝ ռազմական եւ դիվանագիտական երկու հայելային վիճակները»,- նշում է Օսկանյանը:

Օսկանյանը շեշտում է, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ երբեք չի հրաժարվել իրենց քաղաքացիների իրենց տները վերադառնալու պահանջից, նույնը այսօր Հայաստանը պետք է պնդի:

«Դու, Նիկոլ Փաշինյան, այս հարցերը քո ուսերի վրա պետք է վերցնես, նորից եմ ասում, եթե չես կարողանում, պատրաստ չես, վախենում ես նոր արհավիրքներից, թող գնա, գա մեկը, որը ավելի համարձակ է, որը կկարողանա այս հարցերը օրակարգ բերել: Ժամանակն է որ դու իսկապես կողմնորոշվես՝ որն ես անելու: Ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է շատ սուր դրվի Փաշինյանի առաջ, սա արդեն մեր վերջին հանգրվանն է, չկա ուրիշ բան»,-ասաց Օսկանյանը՝ նշելով, որ եթե արցախահայերը չվերադառնան իրենց տները, Արցախի հարցը մեկընդմիշտ փակվելու է:

  • Կիսվել: