կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը. Բուլղարիայի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը. Բուլղարիայի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին:

Դեսպան Անաստասովն ասել է, որ առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ընդգծելով, որ հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ակնկալում է դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այն իրացնելուն:

Դեսպան Անաստասովը նախագահ Սարգսյանին է հանձնել Բուլղարիայի նախագահի նամակը, որով Ռումեն Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պաշտոնական այց կատարելու՝ Հայաստանի նախագահին ուղղված հրավերը:

Հանրապետության նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:

  • Կիսվել: