շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ամբողջությամբ

Արարատ Միրզոյանը պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ամբողջությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Պատասխանները ներկայացնում ենք ստորև.

Հարց (Գեղամ Մանուկյան). Հոկտեմբերի 11-ին հարցում ենք ուղղել ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի և իմ անունից արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ, մասնավորապես ասելով. «Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ ստորագրել այդ պայմանագիրը»:

ԱԳ նախարարին դիմել էինք՝ խնդրելով, ակնկալելով հնարավորություն տա ծանոթանալ այդ փաստաթղթին: Այսօր՝ քիչ առաջ, մոտ 1 ժամ առաջ, ԱԳՆ-ից ստացել ենք մի գրություն, որտեղ ասվում է, որ Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստն ամբողջությամբ արտացոլում է Ձեր կողմից նշված փաստաթղթի՝ նախատեսված հայտարարության դրույթները:

Պարո՛ն Միրզոյան, հարցումը գրողները շատ լավ հայերենը գիտեն, հայոց լեզուն գիտեն: Մենք չէինք ասել, որ ԱԳՆ գնահատի՝ համապատասխանում է, թե ոչ: Մենք ասել էին, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ովքեր ունեն նաև գաղտնիության թույլտվություն, հնարավորություն ստանան ԱԳՆ-ում Ձեզ հարմար ձևաչափով ծանոթանալ այն նախագծին, որի մասին այս ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ակնկալում ենք, որ ի վերջո հնարավորություն կտրվի մեզ ծանոթանալ այդ նախագծին, ինչպես նաև օրերս Ձեր տեղակալի ասած՝ Ադրբեջանի ուղարկած նոր առաջարկներին:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև Ձեզ: Պարո՛ն Մանուկյան, ասում եք, որ շատ լավ տիրապետում եք հայերեն լեզվին և կարող եք հասկանալ՝ ինչ է գրված: Ես խորհուրդ կտամ մի անգամ էլ վերընթերցել: Այդտեղ ասվում է, որ այդ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է, գրեթե ամբողջությամբ, համենայն դեպս մտքերի և մոտեցման իմաստով, արտացոլում է այն, ինչ նախապես քննարկվել է: Ըստ էության, եթե անկեղծ կուզեք, կարող եմ ավելի հեռուն գնալ և ասել. արդյունքում հրապարակված, հռչակված, ստորագրված քառակողմ փաստաթուղթը, մեծ հաշվով, տարբերվում է նրանից, ինչ ընթացքում քննարկվում էր, միայն նրանով, որ ի վերջո այդտեղ, այդ վերջնարդյունք փաստաթղթի ներքևում չեղավ Ադրբեջանի ստորագրությունը: Այսինքն, դա հնգակողմ չի, սա է:

Արձագանք (Գեղամ Մանուկյան). Պարո՛ն Միրզոյան, ես դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ: Գիտեմ նաև այդ բոլոր նյուանսները: Մենք չէինք ասել՝ բովանդակությունն ինչպիսինն է այդ ռազմավարական փաստաթղթի նախագծի: Մենք ասել էինք՝ ակնկալում ենք հնարավորություն ստանալ ԱԳՆ-ում ծանոթանալ այդ նախագծին: Չէինք փորձում հասկանալ համապատասխանում է, թե չի համապատասխանում: Մեր ակնկալիքը գալ ԱԳՆ, ինչպես օրինակ ժամանակին եկել եմ, ծանոթացել եմ Ռուսաստանին ուղղված Հայաստանի նոտայի հետ: Այդպես, երեք պատգամավոր ցանկություն են հայտնել, ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն, գալ ԱԳՆ: Մեզ, ուղղակի ցույց տան՝ այս նախագիծն է, որը եթե Ալիևը գնար Գրանադա, կարող էր ստորագրվել, որը հետո նաև չենք հրապարակելու՝ համաձայն օրենքի:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Մանուկյան, այստեղ գաղտնիության թույլտվություն կամ գաղտնիության աստիճանի թույլտվություն ունենալու կարիք էլ չկա: Այդ փաստաթուղթը հրապարակային է: Եթե Դուք դրա սևագրերին եք ուզում ծանոթանալ կամ ուզում եք գալ ԱԳՆ, քավ լիցի, ընթացակարգ կա, ամեն ինչ կա: Ուղղակի, եթե ցանկանում եք նաև ինձ հանդիպել, գրաֆիկը հասկանանք, ոչ մի խնդիր չկա:

Հարց (Դավիթ Դանիելյան). Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Պարո՛ն Միրզոյան, օրերս տեղի ունեցավ «3+3» ձևաչափով հանդիպում: Խնդրեմ՝ մանրամասներ ներկայացնել, մասնավորապես՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որոշակի ինչ քննարկումներ են տեղի ունեցել և մեր հարևան երկրների մոտեցումները ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Դանիելյան, շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես ես ներկա էի Թեհրանում «3+3» քննարկումների, ըստ էության, երկրորդ հանդիպմանը: Սա հարմար հարթակ է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ապա, ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Բնականաբար, Հայաստանի մասով, Հայաստանի տարածքում անցնող ենթակառուցվածքների նկատմամբ և համապատասխանաբար մյուս երկրների տարածքով էլ նրանց, ինքնիշխանության ներքո, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: Ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում է դրա առաջմղմամբ, այն է «Խաղաղության խաչմերուկը»։ Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ և նաև մեծ տարածաշրջանային, կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջմղողը հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Անշուշտ, եթե կան երկրներ, իսկ մենք այդպիսի դրսևորումներ էլ ենք տեսել, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր և ենթաիմաստներ են դնում, այլ կերպ են պատկերացնում, սա իհարկե տեղի ունենալ չի կարող. ինչպես ասեցի ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում այն է՝ մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Շնորհակալ եմ։

Արձագանք (Դավիթ Դանիելյան). Շնորհակալություն:

Հարց (Մարինա Ղազարյան)․ Պարո՛ն Միրզոյան, Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պլատովը՝ նշելով, որ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ Կապանում 2022թ․ հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Իրանը, պատրաստվում են Ֆրանսիան և Ռուսաստանը։ Խնդրում եմ Ձեզ մանրամասնեք զարգացումների, գործընթացի մասին և ի՞նչ կտա դա Սյունիքին և Հայաստանի Հանրապետությանը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալություն, տիկի՛ն Ղազարյան, հարցի համար։ Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար՝ սահմանված կարգով, և Հայաստանի Հանրապետությունը՝ սահմանված կարգով, դիտարկելով բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը։ Կդժվարանամ ասել՝ Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։ Այնուամենայնիվ, դա իրենց անելիքն է, բայց ցանկացած փուլում, իհարկե, որտեղ որ հարկ է և որտեղ ինչպես սահմանված է, համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ։ Ընդհանրապես, ինչպես Դուք նշեցիք, այդ հետաքրքրությունը՝ Սյունիքում բացել գլխավոր հյուպատոսություններ, որևէ կերպ ներկայություն ունենալ, տարբեր երկրների շրջանում այսօր կա։ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին, կան էլի երկրներ ում հետ այդ խոսակցությունը կա, բայց, քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել։ Անշուշտ, որևէ տեղ միջազգային ներկայության հարցում, իհարկե, երկրներն առաջնորդվում են նախ և առաջ իրենց, քանի որ հյուպատոսական հիմնարկի մասին է խոսքը, իրենց քաղաքացիների սպասարկման անհրաժեշտությամբ, բայց ոչ միայն։ Իհարկե, միջազգային ներկայությունը կարելի է ասել կնպաստի տվյալ տարածաշրջանի, տվյալ մարզի, ռեգիոնի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց նաև, իհարկե, հասկանալով Ձեր ակնարկը թերևս, կամ ենթաշերտը հարցի, այո, նաև քաղաքական ուղերձներ է պարունակում։ Շնորհակալ եմ։

Արձագանք (Մարինա Ղազարյան)․ Շնորհակալ եմ։

Հարց(Լիլիթ Ստեփանյան)․ Պարո՛ն Միրզոյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում խոսեց Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի մասին և, ըստ էության, կարևորելով այս հանգամանքը՝ խոսեց նաև Հայաստանի Հանրապետության հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականության մասին։ Մասնավորապես նշեց, որ բոլորը խոսում են և ունեն ընկալում, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև, սակայն մոռանում են, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ուղիղ հարևաններ և, շատ հաճախ, պետք է նախ և առաջ կարգավորել հարաբերությունները ուղիղ հարևանների հետ։ Եվ այս համատեքստում կցանկանայի խոսել «3+3» հարթակի մասին, հասկանալի է, որ այս ֆորմատը չունի որևէ միջնորդական առաքելություն, բայց և այնպես հարթակ է որտեղ տարածաշրջանի մեծ և փոքր պետությունները երկխոսելու հնարավորություն ունեն։ Կցանկանայի լսել ձեր մեկնաբանություններն այս առիթով, որքանո՞վ է այս հարթակը նպաստելու տարածաշրջանում մեր խնդիրները ինչ-որ չափով կարգավորելուն, ի՞նչ սպասելիքներ և ակնկալիքներ ձևավորենք այս հանդիպումներից։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Հարգելի՛ տիկին Ստեփանյան, շնորհակալություն հարցի համար: Ընդհանրապես Հայաստանը շահագրգիռ է զարգացնել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ, ում հետ այս կամ այն կերպ առնչվում ենք: Ռուսաստանի հետ ունենք պատմականորեն ձևավորված հարաբերություններ և որոշակի իրավական փաստաթղթերով ֆիքսված հարաբերություններ, Եվրոպական միության հետ ունենք, Միացյալ Նահանգների հետ ունենք, Կանադայի հետ ունենք և հենց այսօր պատիվ ունենք հյուրընկալել Կանադայի արտաքին գործերի նախարարին, և բազմաթիվ այլ երկների հետ արևմուտքում, արևելքում, հյուսիում և հարավում: Անշուշտ, մենք շահագրգիռ ենք նաև ունենալ նորմալ հարաբերություններ մեր հարևանների հետ: Ցավոք, մեր անմիջական հարևաններից՝ չորսից, հարևան ասելով տառացի ընկալենք այս դեպքում այն երկրները, ում հետ մենք ընդհանուր սահման ունենք, չորսից երկուսի հետ մենք չունենք հարաբերություններ և ունենք հակամարտության, խորը հակամարտության ծանր պատմություն: Հիմա մենք գործադրում ենք մեր բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ բոլոր հարաբերությունները կարգավորվեն, իսկ այն հարաբերությունները, որոնք կարգավորված են, ավելի զարգանան, մենք շահագրգիռ ենք այդ հարցում: Ես չեմ կարծում, որ կա մի պետություն, որը չի ուզում ներդաշնակ, խաղաղ, բոլորին ձեռնտու շահավետ մթնոլորտում զարգացնել հարաբերությունները իր տարածաշրջանում՝ իր հարևանների հետ: Այս առումով «3+3»-ը լավ քննարկումների հարթակ է, կարծում եմ օգտակար հարթակ է, բայց նաև չպիտի սահմանափակվենք այս հարթակով: Գիտեք, շատ խոսեցինք և պիտի շարունակենք խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին: Մենք ոչ միայն ցանկանում ենք քաղաքական հարաբերությունները կարգավորել, քաղաքական երկխոսություն սկսել, այլ նաև տնտեսական, լոգիստիկ, տրանզիտային, մշակութային, շատ տարբեր ոլորտներում: Ահա և լավագույն մարմնացումը մեր մտադրությունների և մեր պատկերացումների հենց «Խաղաղության խաչմերուկն» է:

Արձագանք (Լիլիթ Ստեփանյան)․ Շնորհակալություն։ Բնականաբար, պարո՛ն Միրզոյան, տարածաշրջանում երկրների հետ հարաբերությունների կարգավորումը բնավ չի նշանակում չունենալ հարաբերություններ այլ գործընկերների, կամ այլ աշխարհագրական դիրքերում գտնվող երկրների հետ, ինչպես Դուք նշեցիք։ Եվ, պարո՛ն Միրզոյան, եթե նպատակահարմար կգտնեք և, եթե ֆորմատը թույլ է տալիս, մամուլում տարածվեց լուր, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգի հետ կապված իր հերթական առաջարկներն է ներկայացրել, եթե կգտնեք նպատակահարմար, կխնդրեմ հնարավորության սահմաններում նաև սրան անդրադառնալ, որքանով որ հնարավոր է։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Սիրով, տիկի՛ն Ստեփանյան։ Նայեք, նաև վերադառնալով«3+3»-ին և վերջին թեհրանյան հանդիպմանը. այդ հարթակը նաև հնարավորություն ստեղծեց իմ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման համար։ Այդ հարթակում մենք ոչ պաշտոնական շփում ունեցանք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, և,  նաև, իհարկե, թեև ոչ պաշտոնականը ենթադրում է որոշակի հպանցիկություն, նաև որոշ այդ հարցերին անդրադարձանք։ Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներ է փոխանցել նոր չի, դա նոր չի տեղի ունեցել, ես չգիտեմ՝ ինչու է դա մամուլում նորից շրջանառվում։ Որոշակի ժամանակ է, որ մենք ստացել ենք և հիմա մեր հերթն է մեր հերթական պատասխանը տալու։ Պետք է ասեմ, որ եթե նաև ստանանք  Ադրբեջանի ղեկավարի համաձայնությունը, այսինքն, հաստատում առաջիկա հանդիպումների մասին՝ երկու ղեկավարների հանդիպումը, անշուշտ, էլի մի քայլ  պետք է որ մեզ բերի դեպի խաղաղություն։ Նաև խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով, կրկին, ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել։

  • Կիսվել: