երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։

Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները:  

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: