շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը  Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ  մի շարք նամակներ է հղել

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ մի շարք նամակներ է հղել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։ 

Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։ 

 Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ գործողությունները։

Նշենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:

 

  • Կիսվել: