կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, բետոնե պատնեշին, հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, բետոնե պատնեշին, հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոյեմբերյան-Այրում ավտոճանապարհին, Այրում բնակավայրի վարչական տարածքում, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Ալեն Ա․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատար Նարեկ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Ներկարարյանը և Վիկտոր Իսրայելյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: