հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն. Փաշինյանը՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովում

Առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն. Փաշինյանը՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովում

«Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը բոլորիս հայտնի է դեռևս դպրոցական դասագրքերից. Շատերը, համոզված եմ, շատ մանրամասներ չեն հիշում Մետաքսի ճանապարհի ժամանակների պատմական անցքերի և իրադարձությունների մասին: Բայց «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորիս մտքում ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման, համագործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանապարհն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով, և այդ ճանապարհները մարդկային, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապեր ստեղծելու, ժողովուրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Այդ ճանապարհներով մարդիկ ոչ միայն ապրանքներ էին փոխադրում, այլև՝ պատմություններ, սովորույթներ, ավանդույթներ, գիտելիքներ, հմտություններ: Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին:

Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն»:

  • Կիսվել: