կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առանց հասարակական-քաղաքական կոնսենսուսի մթնոլորտի ձևավորրման Հայաստանում լուրջ տնտեսական աճի մասին խոսել անկարելի է. Արամ Սաֆարյան

Առանց հասարակական-քաղաքական կոնսենսուսի մթնոլորտի ձևավորրման Հայաստանում լուրջ տնտեսական աճի մասին խոսել անկարելի է. Արամ Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբը 2015 թվականից ի վեր 6 ամիսը մեկ ներկայացնում է ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Մեր վերլուծություններում մենք դուրս չենք գալիս գիտական, փորձագիտական շրջանակներից` տուրք չտալով քաղաքական` ընդդիմադիր, կամ իշխանամետ տրամադրություններին: Այդ իսկ պատճառով մեր անաչառ, զուտ գիտական վերլուծությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հանրային, փորձագիտական շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը:

Ըստ նրա` փորձագիտական ակումբի վերլուծությունները ցույց են տալիս, որ անցյալ տարվա նեգատիվ տնտեսական զարգացումների ֆոնին, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսի պանդեմիայով և պատերազմով, այս տարի նկատվում է դրական դինամիկա տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, ինչը հույս է ներշնչում:

«Զարգացման հույս է ներշնչում նաև այն, որ մեր ԵԱՏՄ գործընկերների` մասնավորապես Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսությունները դուրս են եկել կայուն աճի ուղի, ինչը չի կարով դրական չանդրադառնալ նաև հայաստանյան տնտեսության վրա»,- նշեց փորձագետը:

Սակայն, ըստ Սաֆարյանի, շատ բան է կախված լինելու կառավարության հմտություններից` բիզնեսը զարգացման խնդիրների շուրջ համախմբելու ունակությունից: «Եթե մենք 7-8 տարի կարողանանք ապահովել տարեկան 7% տնտեսական աճ, մենք կկարողանանք կրկնապատկել մեր ՀՆԱ-ն և թույլ զարգացած տնտեսություններից համալրել զարգացող երկրների շարքը: Բայց դրա համար պետք է նաև հասարակական համախմբում նշված նպատակի շուրջ»,- նկատեց Սաֆարյանը:

Նա նաև հավելեց, որ ներկայումս Հայաստանում աճում է թե ներկրումը, թե արտահանումը, ընդ որում, արտահանումը ավելի մեծ տեմպերով, ինչը նաև պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ: Ընդ որում արտահանման ծավալների մեծացման համար, ըստ փորձագետի, մեծ պոտենցիալ կա:

Սաֆարյանը նաև հավելեց, որ ՌԴ-ն եղել, մնում է և տեսանելի ապագայում կմնա մեր հիմնական քաղաքական և տնտեսական դաշնակիցը, ամենա մեծ ներդնողը և ամենաառաջնային արտահանման շուկան: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նշեց փորձագետը, ՀՀ-ն պետք է մեծացնի ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Նա նաև հավելեց, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել զբոսաշրջության ոլորտին, առանց դրա զբոսաշրջության ծավալները չեն մեծանա: Մինչդեռ կառավարության հոգածության ներքո ոլորտի ցուցանիշները 2023 թվականին կհասնեն 2019-ի մակարդակին:

«Շատ կարևոր է, որ մեր երկրում քաղաքական դիսկուրսների, բախումների, դեբատների ֆոնին ձևավորվի քաղաքական-հասարակական կոնսենսուս, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, առանց այդպիսի մթնոլորտի ձևավորման տնտեսական լուրջ աճի մասին մենք կարող ենք մոռանալ»,- եզրափակեց վերլուծաբանը:        

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: