երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ-ի՝ ՀՀ տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են  ներշնչում․ Արամ Սաֆարյան

ԵԱՏՄ-ի՝ ՀՀ տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում․ Արամ Սաֆարյան

ԵԱՏՄ-ի ՀՀ տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են  ներշնչում։ Այս մասին «Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի՝ չնայած համավարակի հասցրած ահռելի վնասին, հարկ է, որ ՀՀ-ն կարողանա տեսնել երևույթներ, որոնք տնտեսությանը տարեկան կտրվածքով կկարողանան լավատեսություն ներշնչել։

«Անցած տարվա համեմատ գյուղատնտեսության աճը վերջին 6 ամսում նույնպես լավատեսություն է ներշնչում, կիսամյակային տվյալներով գյւողատնտեսական ապրանքների արտահանման աճ է նկատվում և սա նույնպես պետական ուշադրության արդյունք է: Սակայն մյուս ոլորտներում ունենք անկում, հատկապես ուշադրություն ենք հրավիրում տրանսֆերտներին, որոնց ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած, շատ ծանր անկում է արձանագրել՝ 30 տոկոս: Ուղիղ տրանսֆերտների 70 տոկոսը Ռուսաստանից մեր ՀՆԱ-ի մինչև 10-12 տոկոսն էր տարեկան ապահովումն և այս ծանր անկումը մեր սոցիալական ցուցանիշների վրա տարվա կտրվածքով իր  ազդեցությունը ցույց է տալու»,- նշեց Սաֆարյանը:

Փորձագետի փոխանցմամբ՝ ՀՀ-ում սկսել են լավագույն կերպով մտածել տնտեսության արդիականացմն մասին՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության ընձեռնած հնարավորությունները: Նա ընդգծեց՝ նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում ԵԱՏՄ-ի ՀՀ տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են  ներշնչում:

Սաֆարյանը կարևոր համարեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում խոշորագույն ներդրողը, ՌԴ-ն է ընդունում մեր ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներին և ռուսաստանյան շուկայի հնարավորություններն օգտագործելը դառնում է ռազմավարական կարևորության խնդիր: 

«Աճել է ՀՀ-ից արտահանումը թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, իսկ դեպի Ռուսաստան արտահանման աճի երեք տարվա ցուցանիշը այս տարի անկում է գրանցել, բայց առկա է ՌԴ-ից ներկրման աճի էական ավելացում՝ 17 տոկոսով, ինչպես նաև ներկրման ծավալի ավելացում Բելառուսից: Չնայած այս ցուցանիշներին, հնարավոր է ակնկալել 2020 թվականի երկրորդ կիսամյակում արտահանման 2-5 տոկոս աճ, ինչը կգա ապացուցելու, որ Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները ճիշտ էին, երբ պնդում էին, որ ԵԱՏՄ շուկայի կարողությունները առաջիկա տարիներին կապահովեն արտահանման աճ:

Շատ կարևոր է, որ հետևողականորեն ավելացնել արտահանման ծավալները, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր՝ տնտեսական ավելի առողջ, ամուր կառուցվածքով: Այսպիսով մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ շարունակվում է զուսպ, բայց հետևողական կերպով դիվերսիֆիկացվել մեր արտահանման ընդհանուր ծավալը. եթե ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալները ավելի դիվերսիֆիկացված են, մեծացել է և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները, ինչպես նաև 51 տոկոսով ավելացել է կաթնամթերթի արտահանման ծավալը դեպի եվրասիական շուկա: Արտահանման դիվերսիֆիկացիան պետք է շարունակել, ինչի համար ջանքեր պետք է գործադրի ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր հատվածն ու ներկրողները»,-շեշտեց Սաֆարյանը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: