չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու ժամկետի խոսույթն անընդունելի է․ ՀՀ վարչապետ

ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու ժամկետի խոսույթն անընդունելի է․ ՀՀ վարչապետ

Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում․ այս հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։ Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձ եղե՞լ է այն հարցին, թե որն է հանրաքվե անցկացնելու վերջնաժամկետը, Փաշինյանն անընդունելի համարեց նման մոտեցումը։

«Հանրաքվեի վերջնաժամկետների հետ կապված խոսույթն ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ես ասացի՝ ինչ պայմաններում էդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, հետևաբար էդ մասով խոսույթը տեղին չէ»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։

  • Կիսվել: