Առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսող դիմում. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Անթալիայում կայացած պանելային քննարկմանը:
Նա նշել է, որ դա կառուցողական քննարկում էր։
՛՛Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։
Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է՛՛,-նշել է Միրզոյանը։
Նախարարը խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրից:
՛՛Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։
Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով՛՛։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում՝ Միրզոյանն ասել է. ՛՛Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան, որ հասկանում եմ։
Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը՛՛։