շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր. Տիգրան Ավինյան

Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:

Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել:

  • Կիսվել: