ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից. Միրզոյան

Ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից. Միրզոյան

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը:
 
Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
 
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

  • Կիսվել: