շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի իր ձայնը լսելի դարձնել

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի իր ձայնը լսելի դարձնել

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ  հային՝ ուր էլ նա լինի՝ Սփյուռքում, Հայաստանում թե Արցախում, տալիս է հնարավորություն իր ձայնը լսելի դարձնել:

Այս մասին շեշտեց  «Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս երկխոսությունների մասնակիցները միայն փորձագետները, հիմնադիրները և 200 մասնակիցները չեն, այլ հազարավոր հայեր  Սփյուռքից և Հայաստանից, որոնք ամիսներով միասին կիսել են իրենց գաղափարները և կարծիքները: 

««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից տարբեր տեսակի հարցադրումներ է եղել՝ հասկանալու մարդկանց կարծիքները, գաղափարները և բոլորին հնարավորություն  է տրվել բարձրաձայնելու իրեն հուզող բոլոր հարցերը: Եթե դու ինչ-որ գաղափարներ ունես և մինչև այժմ մտածել ես, որ ոչ ոք ինձ չի հրավիրում ոչ մի տեղ, ես իմ կարծիքը չեմ կարողանում բարձրաձայնել, ահա սա  մի հարթակ  է, ուր ձեր ձայնը լսելի կլինի և ձեր գաղափարները լուրջ կընդունվի», -ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը նշեց, որ իր համար ուրախալի էր, որ այս հանդիպումների ընթացքում բոլոր քննարկումներին մասնակցած  տարբեր մասնակիցները  շատ հանգիստ փոխանցեցին  իրենց մտքերը:

«Եվ  երբեմն նույնիսկ որոշ մասնակիցներ համաձայն չէին արտահայտված մտքերին, շատ ազնիվ ձևով էին դա անում, այսինքն,  մթնոլորտը դրական էր, ամբողջ  հանդիպումների ընթացքում ես զգացի  անկեղծություն և քաղաքավարի  մոտեցում՝ նույնիսկ որոշ հարցերի անհամաձայնության դեպքում: Եվ իհարկե, երկար և համապարփակ քննարկումներից հետո ընդհանուր համաձայնության եկանք երեք կետերի շուրջ՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն և բնակչության աճ»,- ասաց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Նա ընդգծեց, որ այսօր բոլորի պարտականությունն  է սովորեցնելու և դաստիարակելու լուսավոր դեմքեր, որոնք օրինակ կլինեն բոլորի համար՝ իրենց օրինակով այսօրը և ապագան  կերտելու համար:

  • Կիսվել: