ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել. Փաշինյան

Անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել. Փաշինյան

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» խորագրով քննարկմանն իր բացման խոսքում նշել է.

«Սիրելի բարեկամներ,

Ես կցանկանայի ընդգծել, որ ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների մեր ճանապարհին:

Այս համատեքստում հարկ է նշել, որ Գերմանիան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական առաջատար գործընկերն է, որը տրամադրում է զարգացմանը և մեր ներքին բարեփոխումներին միտված աջակցություն։

Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։

Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը:

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։ Իսկ վերջին «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն:

Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։

Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։

2018 թվականի խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը, որին հետևեցին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները` ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է։ Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք։ Նկատի ունեմ ներքաղաքական ճգնաժամը, որը մենք ունեցանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սովորաբար ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը: Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։

Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել: Արդյո՞ք հայկական ժողովրդավարությունը ունակ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից»։ 

  • Կիսվել: