երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը. Այվազյան

Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը. Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանն այն մասին, թե նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այս առնչությամբ Այվազյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը 1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ 100-ամյա իրադարձություններին: Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդն է:

Մենք ունենք պատմական հիշողություն: 1991-ից ի վեր, առաջին իսկ օրվանից, ՀՀ իշխանությունը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանի բարիդրացիական հարաբերություն հաստատել: 1993-ից մինչև հիմա մենք ականատես ենք շրջափակման, դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց հրաժարվելու և անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի՛՛

Նախարարը հիշեցրել է, որ 2008-2009 թթ. հայկական կողմը նախաձեռնել է ՛՛ֆուտբոլային դիվանագիտություն՛՛՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման նպատակով:

Ըստ Այվազյանի՝ այն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները:

Նախարարը նշել է. ՛՛Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է նշեր առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը օրը, Թուրքիայի նախագահն արեց սադրիչ հայտարարություն, որով, ըստ էության արդարացնում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Դա հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին:

Թուրքիան սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանին՝ նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով: Դա շարունակվեց ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկը: Ես արդեն նշեցի, որ Թուրքիան հանգուցային դեր խաղաց Արցախի դեմ պատերազմի սանձազերծման գործում, սպառնում էր անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը, խիստ բացասական դեր ունեցավ այդ ամբողջ ընթացքում, ներմուծեց վարձկան ահաբեկիչներին:

Թուրքիան նաև անմիջական մասնակցություն էր ունենում մարտական գործողություններին՝ հաճախ իր ձեռքը վերցնելով դրանց ղեկավարումը: Երեք անգամ վիժեցրեց մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները: Առաջին անգամ, հիշում եք, այստեղ երկարատև բանակցությունից հետո ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Հետագայում նաև ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերվող պայմանավորվածությունները խաթարվում էին հենց Անկարայի բացասական դերակատարության պատճառով՛՛:

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ մենք, իհարկե, ցանկանում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում և բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, սակայն, նրա կարծիքով, դրան հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել իր թվարկածի թեկուզ մի փոքր մասը:

Այվազյանն ասել է, որ Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում. ՛՛Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ՛՛:

Նա ասել է նաև, որ Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես՝ Հարավային Կովկասից: ՛՛Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝  առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում՛՛,-նշել է նախարարը։

 

  • Կիսվել: