շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Դեսպանությունն Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն

Դեսպանությունն Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության էլեկտրոնային հասցեի ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966):

Հիշեցնենք՝ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։

Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։

Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իրանական Mehr և Isna գործակալությունները հաղորդել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:

  • Կիսվել: