չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն. փոխոստիկանապետ

Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն. փոխոստիկանապետ

Եթե անհրաժեշտություն լինի, Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ապստամբությամբ իշխանափոխություն իրականացնելու, շենքեր գրավելու և «զոռով իշխանություն փոխելու» մասին հայտարարություններին, ասաց, որ ոստիկանությունն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում է:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում Մանուկյանը հայտարարել էր․

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք»։

«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ սահմանում է, թե իրենցից ինչ են ներկայացնում համապատասխան գործողությունները, և դրանց քրեաիրավական գնահատական տալու համար միանշանակ հիմքեր են անհրաժեշտ: Եթե մենք ունենանք նման ռիսկեր, իսկ ռիսկերն իրենցից հիմք են ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է Ֆիդանյանը:

ՀՀ փոխոստիկանապետը նաև վստահեցրել է, որ ոստիկանությունը մշտապես ապահովում է թե՛ հասարակության, թե՛ կարևորագույն օբյեկտների անվտանգությունը:

  • Կիսվել: