Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու. պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին:
«Իհարկե, կարող ենք քննարկել ամենատարբեր որոշումների արդյունավետությունը, դրանց ճակատագրական լինելը և այլն։ Վարչապետը, թերևս, խոսեց սխալների, մեղավորության կամ պատասխանատվության մասին, բայց այս համատեքստում ուզում եմ մեր հանրության առաջ նաև հստակ արձանագրում անել, որ սկսած ինձանից և ավարտված մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամով՝ եթե մեղավոր ենք, ապա հավասարապես, եթե պատասխանատու ենք, ապա հավասարապես, եթե սխալ ենք, ապա հավասարապես։ Եվ նաև այն առաքելությունը կամ խաչը, որ մեր ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին պատվիրակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր քաղաքական թիմին, մենք պետք է հավասարապես առաջ տանենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը անդրադարձել է այն դիտարկմանը, թե ինչ կլիներ, եթե 2018 թվականին այլ որոշում կայացվեր։
«Ես անկեղծ ինքս ինձ համար և վստահ եմ, որ որևէ մեկն իր համար չունի հստակ պատասխան։ Եվ ես վախենամ, որ տասնամյակներ շարունակ ինձ և իմ հայրենակիցներին դպրոցական դասագրքերից, պաշտոնական հայտարարություններից մինչև եղանակի տեսության ընթացքում ներկայացվող քարտեզով բոլորովին այլ իրականություն են մատուցել՝ ոչմիթիզականության, հայրենիքի ու հայրենասիրության մեր հնարավորությունների մասին. դժվար թե այդ հնարավոր լիներ այլ որոշում կայացնել։ Մեր երազանքների Հայաստանի ու Արցախի մասին մեր պատկերացումների ելակետերը, ցավոք, չեն եղել ճշմարտությունները՝ միջազգային փաստաթղթերը, ուժերի հարաբերակցությունը, իրական բանակցային ընթացքը, այլ եղել են կենացները, մի խումբ մարդկանց ձեռնտու սուտն ու կեղծիքը։ Միգուցե, ավելի վտանգավոր էր այլ որոշում կայացնելը նաև այն պատճառով, որ ընդդիմություն դարձած նախկին իշխանության ներկայացուցիչները հեղափոխոության առաջին իսկ պահից մինչև այժմ ատամները սրած սպասում են Արցախի հողի վրա ավելի մասշտաբային նոյեմբերի 9-ը կազմակերպելու ու ժողովրդից կրկին իշխանությունը զավթելու համար։ Չէ որ նրանք միշտ ամեն ինչ գիտեին»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ պատգամավորի՝ եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահն Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու, կրկին այն գողանալու համար։
«Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում գրեթե չէին իրականացվում բարեփոխումներ, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք։ Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ վախերի միջոցով կանգնեցնեն մարդկանց քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունը։ Եվ 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը։ Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում ու ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր։ Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար։ Ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը ու այս ամենը, պատկերացրեք, առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը»,- շեշտեց Հովհաննիսյանը։
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով՝ տասնամյակների խաբեության ու փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը Ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմներն էին, որոնց հետևանքով հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել։
«Բայց մեր եղբայրները ու քույրերը իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, այլև նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ ինչքան ուշ առերեսվեինք, այնքան ավելի մեծ էր լինելու ողբերգությունը։ Խոնարհվում եմ մեր զոհերի ու նրանց հարազատների առաջ ու վստահ եմ, որ մենք մեր հայրենակիցների կյանքի գնով պահպանած ազատությունը պետք է ամրացնենք՝ հիմնվելով նրանց կյանքի գնով բացահայտված ճշմարտությունների վրա։ Մենք այլևս իրավունք չունենք որպես պետություն ու ժողովուրդ տրվել սին պատրանքներին»,- ընդգծեց պատգամավորը։
Հովհաննիսյանը նշեց, որ հիմա իշխանության ներկայացուցիչների բոլոր հրապարակային հայտարարություններում, թերևս, ամփոփված են այս պահին տեղի ունեցող բոլոր գործընթացները, սեղանին են դրված բոլոր ճշմարտությունները։
«Առավել քան կարևոր է, որ յուրաքանչյուրս՝ պատգամավոր, բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, ամենատարբեր շերտերը ներկայացնող մեր քաղաքացիներ, կարողանանք այս պատմական խաչմերուկում, մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ կրկին որպես մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից։ Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա ամուր դիրքերից բանակցություններում հանդես գալու, արցախահայության իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- եզրափակեց Հովհաննիսյանը։



