չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհրաժեշտ է բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ. Մարուքյան

Անհրաժեշտ է բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ. Մարուքյան

Հայաստանը պետք է անհապաղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա գերակա խնդիրը Սյունիքի մարզի անվտանգության ապահովման հարցի լուծումն է։ «Պատերազմում մեր պարտության արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սյունիքի գյուղերն ու քաղաքները հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի տեսանելիության գոտում։ Եթե նախկինում դրանք բաժանում էր 180 կմ, ապա այժմ 2-3 կմ: Բացի այդ, այսպես կոչված սահմանների սահմանազատման գործընթացի իրականացման արդյունքում ադրբեջանական կողմը գրավել է բարձունքներ», - հայտարարել է նա:

Պատգամավորը նշեց, որ նման պայմաններում մարզի անվտանգության ապահովման հարցի չլուծված լինելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ:

Նա նշել է, որ Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել 2021 թվականի բյուջեի նախագիծը, որի համաձայն այդ երկրի ռազմական բյուջեն կկազմի 2,7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 550 մլն-ով ավելի է, քան ընթացիկ տարում:

Մարուքյանի խոսքով՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ Արցախի խնդիրն արդեն լուծված է։ Նման հայտարարությունների ֆոնին ռազմական բյուջեի ավելացումը կարող է միայն մեկ բան նշանակել՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական արկածախնդրության։

Այդ արկածախնդրությանը դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր ռազմավարություն, հայտարարել է ԼՀԿ առաջնորդը։ Այդ կապակցությամբ Մարուքյանը անհրաժեշտ է համարում հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ՝ ՌԴ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցով՝ Սյունիքում ռազմաբազայի տեղակայման շուրջ:

 

Մարուքյանը մատնանշել է Գյումրիում ՌԴ ռազմաբազայի աշխատանքի հաջողված փորձը։ Գյումրիի ռազմակայանը հաջողությամբ ապահովել է Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում, նշել է Մարուքյանը։

  • Կիսվել: