Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։
«Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։ Սահմանադրության շնորհիվ անկախ Հայաստանի պատմության դժվար շրջափուլերում մեզ հաջողվել է խուսափել քաոսից, անկառավարելիությունից և պետականությունը վտանգող իրավիճակներից։
Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, ժամանակի ընթացքում կարող է ունենալ փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտություն, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել, խախտել անթույլատրելի է։ Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին, արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին։
Վստահ եմ՝ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։ Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք։ Հայաստանին պետք են գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչպես նաև հանրային գիտակցում՝ առ այն, որ սահմանադրական կարգն անձեռնմխելի է»,- ասվում է ուղերձում։


