ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղապահներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար․ Անդրանիկ Թեւանյան

Խաղաղապահներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար․ Անդրանիկ Թեւանյան

Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պայմանավորվածությունից հետո։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելու մասին խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ 

Նախագծի նախնական տեքստը պատրաստվել էր դեռ դեկտեմբերին, սակայն քվեարկությունը հետաձգվել էր։ Ինչպես նշեց Թեւանյանը, ընդդիմությունը խմբագրել է նախագիծը, քանի որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ «Այժմ միայն միջանցքը չէ, որ արգելափակվում է։ Ադրբեջանը ռազմաքաղաքական ագրեսիա, սադրանքներ, դիվերսիաներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս հանցավոր գործողություններն ուղղված են հայերի արտաքսմանը եւ էթնիկ զտմանը։ Եվ Բաքվում դա չեն թաքցնում։ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը»,-ասաց պատգամավորը։  

Ընդդիմադիրի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշակի քարտ-բլանշ է ստացել։ «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչն իր հերթին հնարավորություն է տվել Բաքվի ռեժիմին խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,-կարծում է Թեւանյանը։

Օգտվելով դրանից՝ Ալիեւը փաստացի «խմբագրել» է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ «Եթե Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, նշանակում է՝ Լաչինի միջանցքն էլ է դրա մաս ճանաչում»,-պարզաբանեց պատգամավորը։

Նա նաեւ կոչով դիմեց ռուսական կողմին, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորակազմին։ «Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ու քայլերը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք չպետք է թույլ տանք որեւէ սադրանք Ադրբեջանի կողմից»,-նշեց ընդդիմադիրը։

Այնուամենայնիվ, ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին ձեռնպահ մնալ քվեարկությունից՝ պատճառաբանելով, որ Ազգային ժողովն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարություններով եւ գնահատականներով։

  • Կիսվել: