չորեքշաբթի, փետրվար 24
24 / 2 / 2021
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց իրանական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց իրանական ընկերությունների նկատմամբ

Թրամփի վարչակազմը հայտարարում է Թեհրանի վրա ճնշման ուժեղացման մասին: Պատժամիջոցներ սահմանվեցին նաև Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների ու Կուբայի ՆԳՆ նկատմամբ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց Իրանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ընկերությունների նկատմամբ «Իրանի նավագնացության գծեր»-ի (IRISL) հետ գործնական կապեր ունենալու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ ընդհանուր առմամբ, պատժամիջոցների են ենթարկվել յոթ ընկերություններ, այդ թվում ՝ չինական Jiangyin Mascot Special Steel-ը և Accenture Building Materials-ը ԱՄԷ-ից: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ավելացվեցին երկու անձանց անուններ, ովքեր ապահովում էին պողպատի տեղափոխումը Իրան և հակառակը:

Պոմպեոն հավելել է, որ սովորական զենքի տարածման համար պատժամիջոցներ են կիրառվել Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպության, Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության և Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության դեմ:

Այս քայլերը հեռացող վարչակազմի վերջին գործողություններն են՝ Թեհրանի դեմ ճնշումները մեծացնելու համար: Վարչակազմը կդադարեցնի իր լիազորությունները հունվարի 20-ից, երբ իշխանությունը կստանձնի Բայդենի վարչակազմը:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ը նաև պատժամիջոցներ կիրառեց Կուբայի ներքին գործերի նախարարության դեմ ՝ գերատեսչությանը մեղադրելով մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ:

Հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է կուբացի այլախոհ Խոսե Դանիել Ֆերերի օրինակը, որը գտնվում է ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ գտնվող բանտում, ուր նրան դաժան ծեծի են ենթարկել ու խոշտանգել:

«ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները Կուբայում և աշխարհի այլ երկրներում մարդու իրավունքների հետ կապված ծանր իրավիճակը շտկելու համար», - ասված է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:

Վաշինգտոնը նաև պատժամիջոցների ցուցակում ընդգրկեց նաև Կուբայի ՆԳ նախարար Լազարո Ալբերտո Ալվարես Կասասին:

  • Կիսվել: