շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել համապարփակ խաղաղության. Պետդեպ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել համապարփակ խաղաղության. Պետդեպ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել համապարփակ խաղաղության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար։ 

«Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին լրագրողների հարցին։

Միևնույն ժամանակ, Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, նշել է Զախարովան։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի համար»,- ասել է նա։

«Ռուսաստանը հաստատակամ է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ընդգծվում է մեկնաբանության մեջ։

  • Կիսվել: