կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ամեն սև բան Օթելլո չէ. Փաշինյանը՝ ընդդիմության՝ իրենց նմանակելու գործողությունների մասին

Ամեն սև բան Օթելլո չէ. Փաշինյանը՝ ընդդիմության՝ իրենց նմանակելու գործողությունների մասին

Ես ուզում եմ, որ մենք երբեք ու երբեք չտրվենք այդ գայթակղությանը և ժողովրդավարությունը մեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում արդեն քանի օր շարունակվող՝ ընդդիմության անհնազանդության գործողությունների մասին:

՛՛Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ կան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր իրավական, օրինական, ինստիտուցիոնալ մեխանիզմներով ամբողջ թափով և խստությամբ՛՛,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն իրենց ծաղրում էր քայլելու համար. ՛՛Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար. խանութներում ուսապարկ մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, քանի որ գիտեն նրանք փողի խնդիր չունեն: Մեզ մեղադրում էին հեղաշրջում անելու մեջ, հիմա իրենք են դա փորձում անել. այժմ կամ պետք է խոստովանեն, որ իրենք պատրաստվում են հեղաշրջում անել, կամ մեր արածը հեղաշրջում չէր, այլ ժողովրդավարական ուղով եկած իշխանություն՛՛:

Փաշինյանը նշեց, որ նրանց թվում է, թե կրկնօրինակելով՝ իրենց մոտ կստացվի: ՛՛Ամեն սև բան Օթելլո չէ՛՛,-Վահրամ Փափազյանի խոսքը մեջբերեց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: