ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևյան ռեժիմը 20 տարում մինչև 250 մլրդ դոլար եկամուտ է ունեցել, բայց այդպես էլ չի կառուցել խոստացված «երկրորդ Քուվեյթը». ադրբեջանցի վերլուծաբան

Ալիևյան ռեժիմը 20 տարում մինչև 250 մլրդ դոլար եկամուտ է ունեցել, բայց այդպես էլ չի կառուցել խոստացված «երկրորդ Քուվեյթը». ադրբեջանցի վերլուծաբան

Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին, ի դեմս նախագահ Հեյդար Ալիևի և նրան հաջորդած Իլհամ Ալիևի, այդպես էլ չի հաջողվել կառուցել «երկրորդ Քուվեյթ»՝ չնայած տված խոստումներին և նավթագազային ռեսուրսներից ստացված հսկայական եկամուտներին, որոնք պաշտոնական տվյալներով վերջին 20 տարվա ընթացքում կազմել են մոտ 157 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչև 250 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ և կոնֆլիկտաբան, նախկին քաղբանտարկյալ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի վարիչ Արիֆ Յունուսովը՝ Ամստերդամից հեռավար կապով ներկայացնելով իր «Նավթից և իշխանությունից քշվածները. Ադրբեջանի 20 տարին» խորագրով զեկույցը:

«Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանը ավանդաբար ասոցացվում էր նավթի հետ, և հենց նավթը դարձավ Ադրբեջանի բնակչության հույսերի խորհրդանիշը 1980-ականների վերջին – 1990-ականների սկզբին, երբ քանդվում և քայքայվում էր ամեն ինչ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Ղարաբաղում պատերազմ էր, տնտեսական սարսափելի վիճակ էր: Հենց նավթն էր Ադրբեջանի այդ ծանր վիճակից դուրս գալու հույսն ու երազանքը», - հիշեց Արիֆ Յունուսովը:

Զեկուցողի խոսքով՝ 1993 թվականին նավթը օգնել է նաև Հեյդար Ալիևին գալու իշխանության:

«Համարվում է, որ նա ոչ միայն կանգնեցրեց պատերազմը, կասեցրեց երկրի փլուզումը, այլև խոստացավ, որ նավթի օգնությամբ և 1994 թվականին ստորագրված «դարի գործարքի» շնորհիվ Ադրբեջանը կվերածվի «երկրորդ Քուվեյթի», և նավթադոլարները հնարավորություն կտան Ադրբեջանին լուծելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը», - մեկնաբանեց Յունուսովը՝ հավելելով, որ այդ «հույսը» հաշվի առնելով՝ ադրբեջանցիները շատ բաների վրա աչք են փակել, օրինակ՝ այն բանի վրա, որ Ալիևը ավտորիտար պետություն է կառուցում, կոռուպցիայով է զբաղվում և այլն:

Ինչ վերաբերում է Հեյդար Ալիևի իշխանության ժառանգորդին՝ Իլհամ Ալիևին, Յունուսովի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ նախագահը, ի տարբերություն իր հոր, ուներ «անվտանգության բարձիկ»՝ շնորհիվ էներգառեսուրսներից ստացված եկամուտներից:

Արիֆ Յունուսովի ասելով՝ Ադրբեջանը, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 20 տարվա ընթացքում էներգառեսուրսների՝ նավթի և գազի վաճառքից մոտ 157 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ է ունեցել: Ըստ որում՝ 153 մլրդ դոլարը գոյացել է 2001 թ. - 2021 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վաճառված նավթից, իսկ մնացած չորս միլիարդը՝ 2007 թ. – 2021 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վաճառված բնական գազից:

«Սրանք պաշտոնական տվյալներն են, որոնց չի կարելի հավատալ, հատկապես երբ խոսքը էներգառեսուրսների վաճառքից ստացված գումարների մասին է: Ադրբեջանում դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից վիճակագրական տվյալներում նավթի վաճառքի մի մասը թաքցնում էին: Օրինակ, եթե արդյունահանում էին 11 մլն տոննա նավթ՝ ցույց էին տալիս 9 միլիոնը, իսկ մնացած 2 մլն տոննայի վաճառքից ստացված եկամուտը գնում էր ընտանիքի գրպանը», - նշեց ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ Իլհամ Ալիևի օրոք այդ համակարգը ոչ միայն պահպանվել է, այլև ավելի մեծ թափ և մասշտաբներ են ստացել:

Ըստ այդմ, ոչ պաշտոնական տվյալներով, ինչպես հաղորդեց Արիֆ Յունուսովը, վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանը էներգառեսուրսների վաճառքից 180-250 մլրդ դոլարի եկամուտ է ստացել: «Բայց նույնիսկ եթե նկատի ունենանք պաշտոնական տվյալները՝ նվազագույնը 157 մլրդ դոլար եկամուտը», - ասում է ադրբեջանցի փորձագետը, - «դա բավական մեծ թիվ է ընդամենը 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի համար»:

Արիֆ Յունուսովի բնորոշմամբ՝ այդ փողերը բավարար էին ոչ միայն Ադրբեջանում քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, երկիրը զարգացնելու, այլև հարևան Վրաստանին և Հայաստանին օգնելու համար, բայց Իլհամ Ալիևը, չնայած որ ամերիկացի փորձագետները կանխավ նրան բնորոշել էին իբրև «ռեֆորմատոր», մեղմ ասած՝ չարդարացրեց ադրբեջանցիների հույսերը:

Մասնավորապես, քաղաքական ոլորտում եթե Հեյդար Ալիևը, լինելով փորձառու գործիչ, «դեմոկրատական իմիջի» համար գոնե ձևականորեն ընդդիմություն էր պահում, ապա նրա որդին նույնիսկ ձևական ընդդիմության գոյությունը թույլ չտվեց Ադրբեջանում: Եվ դա վերաբերում էր բոլոր խմբավորումներին՝ թե՛ ռուսամետ, թե՛ արևմտամետ և թե՛ իսլամամետ:

«Իլհամ Ալիևը չսահմանափակվեց միայն ընդդիմության դեմ պայքարով. նրան բացարձակ իշխանություն էր պետք՝ առանց որևէ իմիտացիայի, և նա սկսեց չվստահել նույնիսկ իր հոր կողմից հիմնադրված, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությանը, հատկապես կուսակցության ղեկավարությանը, որտեղ Հեյդար Ալիևի «հին գվարդիայի» ներկայացուցիչներն էին: Իլհամի Ալիևի համար վերջին ընդդիմությունը հենց իր հոր թիմն էր», - ասում է նախկին քաղբանտարկյալ, ալիևյան ռեժիմի կողմից տարիներ շարունակ հալածված Արիֆ Յունուսովը՝ հավելելով, որ իր իշխանությունն ամրապնդելու նպատակով Իլհամը 2004 թվականին ստեղծում է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, որի ղեկավար է նշանակում իր կնոջը՝ Ադրբեջանում ազդեցիկ Փաշաևների ընտանիքի ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևային: Յունուսովի խոսքով՝ ժամանակի ընթացքում այդ ֆոնդը հսկայական ազդեցություն է ձեռք բերում՝ վերածվելով ոչ ֆորմալ մեգանախարարության: Եվ հենց այդ ֆոնդն է, Յունուսովի խոսքով, դարձել Իլհամի և Մեհրիբանի կադրերի դարբնոցը:

«Չեմ ուզում հիշել ամերիկացի փորձագետներին, որոնք անվանում էին նրան «ռեֆորմատոր»: Ի՞նչ ռեֆորմներ է նա իրականացրել», - ասում է Յունուսովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակին, ըստ զեկուցողի՝ զուտ վիճակագրական տվյալներով վերջին 20 տարվա ընթացքում բոլոր ցուցանիշներով աճ է գրանցվել, սակայն իրականությունը տարբերվում է վիճակագրությունից:

«Նավթի վաճառքից ստացված եկամուտները թույլ տվեցին իշխող ռեժիմին խուսանավել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ասպարեզում: Էներգառեսուրսների արտահանումից ստացված հսկայական եկամուտները նպաստեցին թվացյալ կայունության ձևավորմանը երկրում, թույլ էին տալիս իշխանություններին թոզ փչել մարդկանց աչքերին: Բայց եթե տնտեսական իրավիճակին նայենք միջին վիճակագրական ադրբեջանցու՝ հասարակ մարդու տեսակետից և համեմատենք այդ ցուցանիշները հարևան՝ նավթ ու գազ չունեցող Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների հետ, ապա կարող ենք ասել, որ 2018 թվականից սկսած՝ Ադրբեջանի տնտեսությունը լճացման վիճակում է: Այժմ Ադրբեջանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով փոքր-ինչ զիջում է Հայաստանին և մի քիչ ավելի լավ է, քան Վրաստանը: Բայց դա այն մակարդակը չէ, որը պետք է ունենար այն երկիրը, որն այդքան նավթ ու գազ ունի և որտեղ խոստացել էին «երկրորդ Քուվեյթ» կառուցել: Ոչ մի «երկրորդ Քուվեյթ» 20 տարվա ընթացքում չհաջողվեց ստեղծել», - եզրափակեց Արիֆ Յունուսովը:

  • Կիսվել: