Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների և ԼՂ-ի կարգավիճակի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտությունն ավարտված է, և Բաքուն լուծել է այդ հարցը: Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, իբր, հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:
Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը Հայաստանին և Արցախին վերաբերվող թեմաներից խոսել է փետրվարի 26-ին արտասահմանյան լրագրողների համար հրավիրված ասուլիսում:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին` Ալիևը նշել է, որ դրանք Հայաստանի ներքին գործն են:
«Հայաստանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ ներքին գործընթացների վերաբերյալ։ Մենք երբեք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին, առավել եւս նման զգայուն պահի: Սակայն Ղարաբաղի պատերազմից հետո արդյունքները մնում են անփոփոխ, և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահպանվում է ու պետք է կատարվի», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարության մեծ մասն արդեն կատարված է, սակայն կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները:


