շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ անհրաժեշտ համարելով տարբեր ձեւաչափերով բազմակողմ համագործակցության ծավալումը:

Միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցության շրջանակում կարեւորվել է բարեկամության խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է այն փաստը, որ վերջերս Պորտուգալիայի խորհրդարանում եւս ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ:

Կողմերը խոսել են բազմաբեւեռ համագործակցության հնարավորություններից՝ շեշտելով առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, հասարակական եւ գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է. «Տիկի՛ն դեսպան, Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատման օրակարգով: Սակայն հարկ եմ համարում փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը:

Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման պատճառով»:

Նա հավելել է, որ միջազգային գործընկերներին կոչ է արվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար՝ ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

  • Կիսվել: