կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։

Դա շատ բացասական եմ գնահատում։ Մենք էլ, նրանք էլ լավ գիտենք, թե ինչ առաջարկներ ենք մենք փոխանցել և ինչի շուրջ ենք բանակցում։ Հիմա անընդհատ դրա մասին խոսելը արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում»,- շեշտեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի հայերի նկատմամբ ատելության խոսքը, որը դարձրել են իրենց բրենդը։

«Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո, ժամանակ կանցնի, և չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում։ Եվ այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի են, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան  116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: