չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովի

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովի

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հովանու ներքո:

Համաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

Խորհրդարանների նախագահների առաջին եվրոպական համաժողովը տեղի է ունեցել 1975 թվականին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:

  • Կիսվել: