հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել Բրյուսելում եռակողմ հանդիպման համար․ Միրզոյան

Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել Բրյուսելում եռակողմ հանդիպման համար․ Միրզոյան

Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի ունեցել բանակցությունների մեկնել Բրյուսել, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը:

Այս մասին Կանադայի ԱԳ նախարարի հետ համետեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  պատասխանելով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման հարցին։

Միրզոյանը միևնույն ժամանակ հույս ունի, որ նոր հանդիպում կկազմակերպվի Փաշինյանի և Ալիևի միջև։

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Հարցին, թե ո՞վ ժամանակ չունի հանդիպման համար, կամ գուցե պատճառն այլ է, օրինակ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, օրինակ՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, նախարարը նշեց, որ պատասխանը պարզ ու հստակ է՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել:

«Մենք դեռ պատրաստ ենք հանդիպմանը։ Հուսով եմ՝ պատճառը իսկապես ժամանակի սղությունն է։ Իսկ հանդիպման նոր ժամկետներ որոշելու հնարավորություն կլինի: Հայաստանը պատրաստ է հանդիպմանը, ինչպես արդեն ասել եմ, մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ Գրանադայի հայտարարության մեջ, մեծ հաշվով, նորություն չկա, այն սկզբունքները, որոնք հնչել են հուլիսին կայացած եռակողմ հանդիպումից հետո, կրկնվել են, իսկ դրանից հետո որևէ առարկություն չի եղել Ադրբեջանի և Հայաստանի կողմից։

«Մենք երկու օր առաջ ոչ պաշտոնական շփումներ ունեցանք Թեհրանում, և Հայաստանը պատրաստ է արագորեն շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ձեռքբերման ուղղությամբ։ Մեր մոտեցումները հայտնի են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ ապագայում պարզ կդառնա՝ արդյոք հարցը իսկապես ժամանակի մեջ է։

 

  • Կիսվել: