ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աղավնո և Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական. Ասպրամ Կրպեյան

Աղավնո և Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական. Ասպրամ Կրպեյան

Սյունիքի մարզի Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ  ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աղավնոյի համայնքապետի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ՛՛:

Կրպեյանը պատմեց նաեւ, որ եղել է Նռնաձորում, որը, նրա խոսքով, փոքրիկ գյուղակ է, որտեղ ապրում են Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթված մեր հայրենակիցները:

՛՛Իրենք 1990-ականներին Գետաշենում են կռվել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ 14-ամյա Վարդանը մեկ ձիով ապահովել է մի ամբողջ գնդի ջուրն ու ուտելիքը: Այլեւս ձի չունի. մնացել են օկուպացված հայրենիքում, բայց ինքը գիտի, որ արժանապատիվ ձիավորը երբեք աննժույգ չի մնում՛՛,-ասաց Կրպեյանը:

Նա նաեւ հավելեց. ՛՛Մենք իրավունք չունենք Աղավնոյի եւ Նռնաձորի մեր արժանապատիվ քաղաքացիներին մենակ թողնելու: Իրենցից փորձել են հայրենիք ու արժանապատվություն խլել, բայց հայը շարունակելու է պայքարել հանուն իր հայրենքի, որովհետեւ չկա առավել բարձր արժեք հայրենիքից՛՛:

  • Կիսվել: