շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աղաջանյանը վստահեցնում է՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չկա որևէ կետ, որտեղ ՀՀ-ն իր պարտավորությունները որպես դաշնակից չի կատարել

Աղաջանյանը վստահեցնում է՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չկա որևէ կետ, որտեղ ՀՀ-ն իր պարտավորությունները որպես դաշնակից չի կատարել

«Հայաստան» դաշինքի մեր գործընկերների խոսքի մեծամասնությունը հիմնված է մանիպուլյատիվ մտքերի զարգացման վրա կամ, ինչպես պարոն Միրզոյանն ասաց, մտացածին պնդումների հիման վրա, որոնց հիման վրա էլ որոշակի տրամաբանություն էր կառուցվում: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինձ ամենանյարդայնացնողը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կոնտեքստին և մեղադրանքներին ՀՀ-ի առաջ դրված, թե իբր մենք ենք մեղավոր այս հարաբերությունների վատթարացման համար: Եվ այն, ինչ ունենք այս պահին հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մեծամասնությամբ ՀՀ ղեկավարության մեղավորությունն է»:

Ըստ Աղաջանյանի՝ նախքան ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, ՀՀ-ն նախագահել է ՀԱՊԿ-ում: ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ում նախագահության օրոք տեղի են ունեցել Ղազախստանում հայտնի իրադարձությունները, որոնց ժամանակ Հայաստանը որպես ղեկավար երկիր, համաձայն կանոնադրության, լավագույնս իրականացրել է իր պարտավորությունները:

«Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չկա որևէ կետ, որտեղ ՀՀ-ն իր պարտավորությունները որպես դաշնակից չի կատարել, եթե կա այդպիսին, խնդրում եմ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նշեք գոնե մեկ օրինակ»,-ասաց Աղաջանյանը:

Նա իր խոսքի ավարտին ասաց, որ «նեղացած հարսի» բառամթերքը ծանոթ տեղ է տանում. «Երկու մարդ է մտքիս գալիս, որոնցից մեկը հենց այդ կոնտեքստում ասել է հետևյալ արտահայտությունը՝ ''Нравится, не нравится, терпи, моя красавица''»:

Հիշեցնենք, որ այդ խոսքերն ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վերաբերյալ՝ մեջբերելով խոսքեր հայտնի երգից:

  • Կիսվել: