շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանվածների համար կայուն կենսապայմաններ ապահովելու հարցը

ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանվածների համար կայուն կենսապայմաններ ապահովելու հարցը

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են 2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին ընդունելու ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ընդգծվել է, որ փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը: Զրուցակիցները առաջնային նշանակություն են տվել աշխատանքի արդյունավետ համակարգման խնդիրներին, նշելով Կառավարություն–ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, միջազգային և տեղական կազմակերպություններ փոխգործակցության կարևորությունը:

Նշվել է ստեղծված իրավիճակում միջազգային դոնոր հանրության կողմից հումանիտար աջակցության նշանակությունը և այդ գործընթացում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի՝ որպես մասնագիտական գործակալության դերը:

  • Կիսվել: