երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքը, դրան ՌԴ խաղաղապահները կարող էին խանգարել․Զատուլին

Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքը, դրան ՌԴ խաղաղապահները կարող էին խանգարել․Զատուլին

Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքերը, ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ կոնֆլիկտի պատճառ կդառնար երկու կողմի համար։

«Կարելի էր կառչել հայ բնակչության որոշ մասի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից, կարելի էր պաշտպանել այն գաղափարը, որ խաղաղապահներն այնտեղ են երաշխավորելու հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների, այդ թվում՝ համաշխարհային պատմական նշանակության հուշարձանների պահպանությունը։ Բայց այս դեպքում դա ամբողջովին կախված կլիներ հենց Ադրբեջանի բարի կամքից, այս հարցում իր բաց լինելը ցույց տալու ցանկությունից և Ղարաբաղի տարածքում իր հետագա անելիքներին վկաների ներկայությունն ապահովելու ցանկությունից։ Ըստ ամենայնի, նա պատրաստվում է «մշակել»  այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները կոնֆլիկտի պատճառ կդառնային. եթե նրանք սկսեին բողոքել դրա դեմ, դա խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Եթե դրա դեմ չբողոքեին, ինչպես 2023-ին չբողոքեցին Ղարաբաղում Ադրբեջանի նոր օպերացիայի դեմ, ապա այս դեպքում հայկական կողմը կարող էր մեղադրել, որ խաղաղապահները պարզապես Ադրբեջանի մեղսակիցն են՝ հայկական Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու գործում»,- հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել  էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

  • Կիսվել: