շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան

Իմ պատկերացումներով Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասել է նա։

Քոչարյանը նշել է՝ պատերազմից ամիսներ են անցել, և պետք է հնարավորություն տային ԶՈւ-ին՝ բավարար չափի պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և բոլոր տեղերում բավարար խտության և սահմանի բերանով դիրքավորվել։

«Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Դեմարկացիան նրանց պետք է՝ միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծելու համար և դրանով համարելու, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է մեկ բան՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում, անում են, ասում են՝ այս հարցը պետք է լուծես, սա, սա։ Այս մարդիկ թուղթ ստորագրող մարդիկ են, միշտ այդպես է՝ չոքած մարդու վրա մի հատ էլ «քացով» տալիս են, ավելի համարձակ են, ազատ են, և վստահ են, որ որևէ դիմադրություն չի լինելու»,-հայտարարել է նա։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները, նա նշեց, որ տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։

Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։

 

  • Կիսվել: