կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Ադրբեջանը Ֆիզուլիից և Աղդամից փախստականներին վերաբնակեցնում է թալիշական գյուղերում․ թալիշ գործչի ահազանգը

Ադրբեջանը Ֆիզուլիից և Աղդամից փախստականներին վերաբնակեցնում է թալիշական գյուղերում․ թալիշ գործչի ահազանգը

Թալիշական ազգային շարժման անդամ, Ռուսաստանում բնակվող թալիշ ակտիվիստ Զահիրադդին Իբրահիմին, որը ՍիվիլՆեթին տված մի շարք հարցազրույցներում մշտապես բարձրաձայնել է Ադրբեջանում իր ժողովրդի դեմ տարվող ցեղասպան քաղաքականության մասին, Ֆեյսբուքում գրառում է արել պատերազմի օրերին թալիշաբնակ Լենքորանը Ֆիզուլիից և Աղդամից դուրս եկած փախստականներով բնակեցնելու վերաբերյալ։ Նրա գրառումը՝ թարգմանաբար ստորև․

 

«Մեր ստացած տեղեկություններով՝ Ֆիզուլիից և Աղդամից փախստականների նոր խմբերի են ցանկանում վերաբնակեցնել Լենքորանի Ռվո և Կուրոնբա գյուղերում։ Տեղացիների բողոքի արդյունքում նրանց հեռացրել են այդ գյուղերից։ Ալիևների ցեղախմբի այդ փտած գործողությունները թալիշ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության շարունակություն են, Թալիշստանի էթնիկ պատկերը փոխելու փորձ։ Դա նաև ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է խախտել միջազգային օրենքները։

Հարցի մյուս կողմն այն է, որ տվյալ տարածքը խիտ բնակեցված է, հետևաբար, փախստականների վերաբնակեցումը այստեղ և ոչ թե նոսր բնակեցված շրջաններում, ինչպես նշեցինք, թալիշների ցեղասպանության շարունակություն է։ Թալիշների նկատմամբ Ալիևի թշնամական քաղաքականության դրսևորումներից մեկն էլ այն է, որ առաջնագիծ են ուղարկվում մեր երիտասարդները, իսկ թալիշներով բնակեցված շրջանում հաստատվում են դասալիքներ»։

Այն մասին, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի իշխող վարչակարգը առաջնագիծ է ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատմել է թալիշ մեկ այլ գործիչ, հրապարակախոս Զաբիլ Մագերրամովը։ Վերջինս շեշտել է՝ այդ կերպ Ալիևը փորձում է ձերբազատվել թալիշական հարցից։

 

 

Հարկ է շեշտել, որ թալիշ գործիչները Արցախում ընթացող պատերազմի և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության հարցում ընդգծված չեզոքություն են պահպանում։ 

Հոկտեմբերի 11-ին թալիշական մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են թալիշներին։ Արձանագրելով, որ պատերազմում ընկել են իրենց բազմաթիվ զավակներ՝ նրանք նշում են, որ ցավով են հետևում իրադարձություններին։ Միևնույն ժամանակ, նկատում, որ «բազմաչարչար թալիշ ժողովրդի անունը օգտագործվել է քաղաքական և քարոզչական նպատակներով, ինչն անընդունելի է»։ Նրանք կոչ են անում օգնել այն ընտանիքներին, որոնք պատերազմում կորցրել են իրենց որդիներին։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և մեծ հույսեր ենք կապում Ռուսաստանի հետ, որը, ի հեճուկս բանակցային գործընթացը խաթարելու փորձ անողների, կգործադրի բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»,- ասված է նրանց հայտարարությունում։

Պատերազմում թալիշական գործոնի արդյունավետության մասին Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է Թաթուլ Հակոբյանի հետ։ Վերջինս կարծում է, որ հարցը ուռճացված է, թեև հայկական կողմը կարող է աշխատել այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել էր Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ նշելով, որ Պաշտպանության բանակը չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում: 

  • Կիսվել: