կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին զեկույցում մանրամասն նկարագրել ու մեջբերել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկապես նախագահի և օրենսդիր ու գործադիր մարմինը ներկայացնող պաաշտոնյաների խոսքը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ։ Ընդ որում՝ նկատի ունենալով ելույթ ունեցող անձանց կարգավիճակը, ակնհայտ է, որ հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով։ Այդ համատեքստում, բնականաբար, հնարավոր չէ մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող լուծումներ գտնել։

Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնլով իր ղեկավարած կառույցի զեկույցները, որոնք առնչվում են  Արցախում ստեղծված իրավիճակին։     

Մանասյանը տեղեկացրեց, որ Արցախի գործընկերոջ հետ փորձել են ամբողջությամբ պահպանել բոլոր օմբուդսմանական հաստատությունների աշխատանքին վերաբերող մեթոդաբանությունն ու կանոնները՝ հավաքագրելով հավաստի տեղեկատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և դրանք պարբերական ռեժիմով ներկայացնելով միջազգային գործընկերներին։

«Հրապարակել ենք բազմաթիվ արտահերթ զեկույցներ ԼՂՀ-ում տիրող իրադրության առթիվ, որտեղ մանրամասն ներկայացրել ենք մարդու իրավունքների խախտումներին վերաբերող ամբողջական պատկերը։ Մասնավորապես, նկարագրել ենք, թե մարդու հիմնարար իրավունքների հետ կապված ինչ խնդրահարույց իրավիճակների հետ գործ ունենք այսօր։ Անդրադարձել ենք մասնավորապես կյանքի իրավունքի, բժշկական սպասարկման, կրթության, սննդի անվտանգության իրավունքների հետ կապված կարևոր հարցերի, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեն ոչ միայն մեր պետության, տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար»,- նշեց Մանասյանը։

Նրա տեղեկացմամբ՝ զեկույցները պարբերական ռեժիմով ներկայացվել են միջազգային գործընկերներին։ Դրանցում առանցքային տեղ է զբաղեցրել Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության հետ կապված բավականին հստակ շեշտադրումը, որովհետև առանց դրա ներկայացման շատերի կողմից սովորաբար առաջ են քաշվում խնդրի լուծման տարատեսակ այլ ուղիներ, բացի միջանցքի արգելափակումը վերացնելուց, մինչդեռ խնդիրն ամբողջ համապատկերում ներկայացնելը շատ կարևոր նշանակություն ունի։ ՀՀ ՄԻՊ գրասենյակն ամենօրյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ ադրբեջանական մամուլում հայատյացության քաղաքականության հետ կապված։

Ամբողջ տեղեկատվությունը համալրվում է նաև սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ինչին առնչվող զեկույցները, որոնք նույնպես թարգմանվում են անգլերեն, անմիջապես ուղարկվում են միջազգային գործընկերներին։ Նշված բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները, որոնք արձանագրվում են ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվելու արդյունքում, նույնպես արձանագրվում են։ Դա փոխլրացնում է ամբողջական պատկերը և ցույց տալիս, որ այստեղ խոսքը ոչ թե իրավունքների սովորական խախտումների մասին է, այլ մասնավորապես կենսական նշանակություն ունեցող իրավունքների խախտումների մասին է, և այդ ամենը, Մանասյանի դիտարկմամբ, հենց հայատյացության ամբողջական քաղաքականության համատեքստում է, որը բնականաբար նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել կոնկրետ բնակավայրեր ու տարածաշրջան։ Ադրբեջանի գործելաոճն անկասկած չի համապատասխանում քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքներին։

«Բացի զեկույցներից, երկշաբաթյա ռեժիմով միջազգային գործընկերներին անգլերենով ուղարկում ենք ամփոփ տեղեկատվության վերաբերյալ թարմացումներ, որոնցում շեշտադրումները շատ հստակ են։ Անընդհատ փորձում ենք պահպանել մեր աշխատանքի մեթոդաբանությունը, որպեսզի ինչ-որ պահի մեր կողմից ներկայացվող տեղեկատվության արժանահավատության ու վստահելիության մակարդակը չիջնի։ Շատ կարևոր է, որպեսզի հետագայում նույնպես պահպանվի աշխատանքային այս տրամաբանությունը»,- եզրափակեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

  • Կիսվել: