Ադրբեջանում ակնհայտ տագնապած են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի Կահիրե այցելությունից. քաղաքագետ
Ադրբեջանում ակնհայտի տագնապած են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի Կահիրե այելությունից, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:
«Ալիեւյան քարոզչությունը նախ փորձ է անում նվազեցնել հայ-եգիպտական համագործակցության հավանականությունը՝ շեշտը դնելով Հայաստանի «չափազանց սուղ հնարավորությունների», վրա, ապա շրջադարձ կատարում եւ Երեւան-Կահիրե երկխոսությունը պատճառաբանում կողմերի «,հակաթուրքական տրամադրվածությամբ», եւ ամենավերջում, կարծես ակամա խոստովանելով, որ նման պնդումները միայն ներքին լսարանին համոզելու համար են, գործի դնում «ծանր հրետանին»:
Այն է՝ «իսկ ինչպե՞ս է այդ ամենին նայում Ռուսաստանը»: Այսինքն, անուղղակի ուղերձ է հղում Ռուսաստանին այն իմաստով, որ «Հայաստանն արդեն վաղուց անում է այն, ինչ համապատասխանում է միայն իր շահերին»: Կա՞ երկիր, որ արտաքին ու ներքաղաքական որոշումներ ընդունելիս ոչ թե իր, այլ ուրիշի շահերն է սպասարկում: Հայաստանն ինչու՞ պիտի բացառություն լինի: Մանավանդ որ հայ-եգիպտական հարաբերությունների բարելավումը եւ զարգացումը ոչ մի ձեւով չեն վտանգում Ռուսաստանի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային շահերը: Բաքվում, պարզվում է, մինչեւ վերջին պահ հույս էին պահում, որ Հայաստանի արտաքին քաղաքական քայլերը կմնան ավանդական ծիրի մեջ:
Մերձավոր Արեւելքում հայկական գործոնի քաղաքական արժեւորումը, հավանաբար, Ադրբեջանն ընկալում է իբրեւ մարտահրավեր: Պաշտոնական Բաքուն փորձել եւ փորձում է ԼՂ խնդիրը տեղափոխել իսլմական համերաշխության հարթություն: Իսկ Հայաստանը, պարզվում է, արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերություններ ունի, որ կարող են վերաճել կայուն համագործակցության: Մանավանդ որ Մերձավոր Արեւելքում ուրվագծվում է հակաթուրքական համերաշխություն: Արաբական երկրների լիգան վերջերս հայտարարություն է ընդունել, որով ապօրինի է ճանաչում Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում:
Եգիպտոս այցի շրջանակներում արտգործնախարար Մնացականյանը հանդիպում է ունեցել նաեւ այդ կառույցի ղեկավարի հետ: Երեւում է, Ադրբեջանին խիստ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը հրապարակային աջակցություն չի հայտնում Թուրքիային: Փորձ է արվում տեղեկատվական մակարդակում պարզել՝ Հայաստանի վերջին քայլերը համաձայնեցվա՞ծ են Մոսկվայի հետ: Բացասական արձագանքն Ադրբեջանի վերջին հույսն է»,- գրում է քաղաքագետը: