շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած ժառանգության խնդիրները Մատենադարանում կքննարկեն ոլորտի պատասխանատուները

Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած ժառանգության խնդիրները Մատենադարանում կքննարկեն ոլորտի պատասխանատուները

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 18-ին Մատենադարանում տեղի կունենա «Բարդ անցյալներ, բազում ապագաներ մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, թե նախաձեռնությունն աննախադեպ է այն իմաստով, որ բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետական կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական կենտրոնները, անկախ փորձագետները, հնարավորություն կունենան մեկ հարթակում քննարկելու ինչպես պատերազմի ժամանակ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում թողնված ժառանգության խնդիրները, ռիսկերը, մարտահրավերները, անելիքները, այնպես էլ հարցեր, որոնք վերաբերում են հայ հասարակության՝ մշակութային արժեքների հանդեպ ունեցած վերաբերմունքին:

«Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում վանդալիզմի դրսևորումները շատանում են: Պետք է կանխել դրանք: Համաժողովը կդառնա բոլոր մասնագիտական, քաղաքական  մարտահրավերների, խնդիրների մասին խոսելու հարթակ: Ես սա շատ եմ կարևորում: Մինչև մենք չճշտենք մեր վերաբերմունքը մեր իսկ արժեքների հանդեպ, մեր պատասխանատվության չափը, շատ դժվար կլինի պահանջել ուրիշներից հարգանք ու համապաստախան վերաբերմունք մեր արժեքների հանդեպ»,- շեշտեց Խզմալյանը:

Նա հիշեցրեց, որ երկիրն ունի տնտեսական խնդիրներ: Ըստ փոխնախարարի՝ ներդրումը լրջագույն խթան է այդ ճգնաժամի հաղթահարման համար: «Ներդրումները շատ հաճախ առավել գրավիչ են մշակութային միջավայրում՝ հուշարձաններ, արգելոցներ և այլն: Երբեմն հուշարձանների պահպանության մեր պատկերացումներն ու ներդրողների ցանկությունները չեն համընկնում: Ինչպե՞ս անել, որ այդ պատկերացումները համընկնեն: Կարծում եմ, սա հնարավոր է, և այստեղ պետք է լուրջ աշխատանք տանել նաև հասարակության հետ, քանի որ այս առումով հասարակությունը վատ հիշողություն ունի: Նա տեսել է՝ որտեղ կա բիզնես և ներդրում, այդտեղ ապականվում է հուշարձանը: Նախորդ տասնամյակների փորձը դա է ցույց տվել. քանդվել են տներ, հուշարձաններ, որոնց տեղում կառուցվել են բիզնես կենտրոններ, բարձրահարկ շենքեր: Մենք, մեր քաղաքի պատմությունը, մեր կենցաղի պատմությունը ջնջելով ենք առաջ գնացել»,-ընդգծեց փոխնախարարն ու հավելեց, որ մյուս կողմից պետությունն իր ռեսուրսներով չի կարող տասնյակ հազարավոր հուշարձանների ֆիզիկական անվտանգությունն ապահովել, վերականգնել դրանք:

Հարցի լուծման գործում նա կարևորում է կոնսենսուսը պետական, մասնագիտական, հանրային և բիզնես ոլորտի միջև: Ըստ Խզմալյանի՝ անհրաժեշտ է կրթական, լուսավորչական աշխատանք տանել, որ քաղաքացին իրեն ճանաչի որպես այս կամ այն հուշարձանի տեր, իսկ տեր լինելու համար պետք է էմոցիոնալ կապ ունենալ հուշարձանի հետ, դրա համար էլ անհրաժեշտ է ճանաչել այդ հուշարձանը, հասկանալ, թե այն որտեղից է գալիս, ինչ է իրենից ներկայացնում, ինչ է լրացնում  կյանքում և ինչ է խոստանում ապագայի համար:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ:

Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված հուշարձանների թվում են Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը, Սանահինի վանական համալիրը, Հաղպատի վանական համալիրը, Գեղարդի վանական համալիրը և Ազատի գետի հովիտը: Համաշխարհային ժառանգության ցուցակը պարբերաբար համալրվում է նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով` մշակութային լանդշաֆտներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

  • Կիսվել: